Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի օդանավակայանում ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի: Ուղևորներից մեկին հաջողվել է փրկվել: Ուղևորների թվում եղել են ինչպես կոնգոցիներ, այնպես էլ օտարերկրացիներ:
Վթարի պատճառները դեռևս հստակեցված չեն: Ներկայումս հայտնի է միայն, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս:
Ինքնաթիռը պատկանում էր վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությանը, հաղորդում են Թբիլիսիի ներկայացուցիչները:
Ավիաընկերության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանիի խոսքով` վայրէջքի ընթացում ինքնաթիռը կայծակի և ուժեղ քամու է հանդիպել, ինչի հետևանքով երկու մասի է բաժանվել և ընկել:
«Մենք կարծում ենք, որ ինքնաթիռն ընկել է ուժեղ քամու պատճառով, քանի որ այն տեխնիկապես սարքի էր, և տեխզննում էր անցել անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Գերմանիայի Lufthansa ընկերությունում»,-հայտարարել է Գիորգոբիանին: