Թուրքահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, «մեղավոր են նրանք, ում թերթերի վերնագրերը փաստում էին Դինքի դավաճան լինելը»: Այս մասին տեղեկացնում է Today’s Zaman-ը:
Մեղադրյալն իր հայտարարությունը նամակով երկուշաբթի ուղարկել է Ստամբուլի դեռահասների դատարան. «Ես մեղավոր չեմ: Մեղավոր են նրանք, ում թերթերի վերնագրերը Դինքին դավաճան էին անվանում: Աչքերս արդեն բացվել են: Հիմա էլ թող նրանք մտածեն, ովքեր պատրաստում էին այդ վերնագրերը: Ո՞ւր են նրանք, ովքեր ինձ այստեղ են բերել: Ես չգիտեի «Ակօսի» մասին: Իմ երակները լցված էին անտարբերությամբ: Ես իմացա Դինքի մասին թերթերից: Եվ ես զոհաբերեցի ինքս ինձ… Ես վախենում եմ Յասին Հայալից»,-ասված է նամակում:
Նշենք, որ Դինքի սպանության գործով Հայալը կասկածյալների թվում է որպես պատվիրատու:
Սամաստը նաև հայտարարել, որ ինքը սկզբում պատրաստվում էր բռունցքով հարվածել Դինքի դեմքին, երբ առաջին անգամ հանդիպեց նրան «Ակօսի» դիմաց: «Ես նրան երկու անգամ կհարվածեի, պարզապես շփոթվեցի: Նրանք ինձ զոհաբերեցին»,- նշում է Սամաստը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ: Սպանության պահին Օգյուն Սամաստը 17 տարեկան էր: