Ընդդիմության միավորման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող հանգամանքներ, որոնց մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» շարքի երկրորդ քննարկման ժամանակ խոսել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Հայ Ազգային Կոնգրեսը գործող իշխանությունների հետ շատ ավելի սերտ ընդհանրություններ ունի` չնայած հայհոյանքներին, իրար ինչ ասես ասելուն: Բայց կան քաղաքական ասպարեզներ, որտեղ նրանց մոտիկ լինելը ցայտուն նկատվում է, ինչպես օրինակ` Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց: Նրանք այստեղ համագործակցելու շատ ավելի մեծ դաշտ ունեն, քան, ասենք, Դաշնակցության, «Նոր ժամանակների», «Ժառանգության»` այն կուսակցությունների հետ, որոնք միավորվել էին «ոչի» շարժման մեջ»,- ասել է դաշնակցականը:
Բանախոսը նշել է նաև սուբյեկտիվ գործոնները.
«Միավորվել ինչի՞ համար, որ ի՞նչ նպատակի հասնենք. ինչ-որ քաղաքական ուժ գա իշխանությա՞ն ու անի էն, ինչ անում են էսօրվա իշխանությունները, քանզի այլ փորձ քաղաքական ուժը չունի: Թե՞ վերափոխենք երկրի կառավարման ամբողջական կարգը»,- ասել է նա:
Հովհաննիսյանը նշել է, որ եթե իրենց նման առաջարկով դիմեն, իրենք չեն մերժի:
«Բայց էսօր, որքան մենք հասկանում ենք, մեկ քաղաքական շրջանակի ներքո է միավորման առաջարկ արվում, իսկ ովքեր այս սխեմայի մեջ չեն տեղավորվում, անխնա հայհոյում են», – ասել է բանախոսը:
Հովհաննիսյանը նշել է այն պայմանները, որոնց դեպքում միավորումը տեղի կունենա.
«Միավորում, իհարկե, կլինի, բայց մենք կասենք` ում հետ ու ոնց, այլ ոչ թե թելադրանքի տակ տեղի կունենա դա»: