Home / Հայաստան / Փաստաբանները պատմել են` ինչու է Քոչարյանը դատարանի միջոցով արգելանք դրել «Հրապարակ»-ի հաշիվների վրա

Փաստաբանները պատմել են` ինչու է Քոչարյանը դատարանի միջոցով արգելանք դրել «Հրապարակ»-ի հաշիվների վրա

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող «Ջի փարթնըրս» ընկերության փաստաբանները գտնում են, որ «Հրապարակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում տպագրված հոդվածով խախտվել է ոչ միայն Հայաստանի օրենսդրությունը, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, մասնավորապես` անձնական կյանքի հարգման իրավունքը, որը, նրանց պնդմամբ` գերակա է ցանկացած այլ իրավունքի նկատմամբ:

Սարգիս Գրիգորյանը և Արփինե Մելիքբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել են, որ «Քոչարյանին ոչնչացում են, Ծառուկյանին` բարձրացնում» հոդվածում տեղ են գտել մի շարք ձևակերպումներ, որոնք վիրավորել են նորանկախ Հայաստանի երկրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը:

«Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ», – իր ասածը հիմնավորելու նպատակով հոդվածից մեջբերել է Արփինե Մելիքբեկյանը` մեկնաբանելով. «Ինքներդ էլ հասկանում եք` բավականին ոչ պարկեշտ և պատշաճ տեղեկություններ են»:

Հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել դատարանի միջոցով արգելանք դնել «Հրապարակ»-ի դրամական միջոցների և գույքի վրա, փաստաբանները արձագանքեցին, թե «մեղավորությունը կրկին օրաթերթինն է», քանի որ «Հրապարակը»-ը, թեև համաձայնել է հերքում տպագրել, բայց չի արել դա:

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Գրիգորյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Քոչարյանի շահերի ներկայացուցիչները իրականում չեն պարզաբանել, թե հոդվածի ո՞ր մասից են վիրավորված եւ կոնկրետ ո՞ր փաստերն են խեղաթյուրված, ուղարկել են ընդամենը մի հայտարարություն, թե` հոդվածում տեղ գտած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Մենք նորից գրեցինք և առաջարկեցինք` խնդրում ենք, գրեք, թե հոդվածում ո՞ր տեղեկությունները կոնկրետ չեն համապատասխանում, ինչի՞ց եք դժգոհ, ինչի՞ց եք վիրավորված, ի՞նչն եք համարում զրպարտանք, ի՞նչն եք համարում ապատեղեկատվություն, ո՞ր մասում ենք խեղաթյուրել փաստերը եւ այլն:Ոչ մի պատասխան չստացանք եւ ստացանք այս հայցադիմումը դատարանից», – հավելել է «Հրապարակ»-ի խմբագիրը:

Փաստաբանների պնդմամբ, մինչդեռ, թերթը ոչ միայն ոչ միայն չի տպագրել հերքումը, այլև շարունակել է «վիրավորական ձևակերպումներով հրապարակումները», ինչն էլ իրենց ստիպել է միջնորդել, որպեսզի դատարանը արգելանք դնի թերթի դրամական միջոցների վրա:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է ոչ միայն հերքում տպագրել, այլև ակնկալում է օրենքով նախատեսված առավելագույն փոխհատուցումը` 6 միլիոն դրամ: