Ապրիլի 14-ից մինչ մայիսի 8-ը Ստամբուլի կենտրոնում գտնվող 200 տարվա պատմություն ունեցող հայկական Երեք խորանների եկեղեցու Նարեգյան պատկերասրահը կհյուրընկալի «Ես սիրում եմ քեզ Ստամբուլ» լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում է Today’s Zaman-ը:
Բուրսայում ծնված Էնգին Օզենդեսի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ հարյուր լուսանկարներ և փաստաթղթեր, կարտացոլեն այն, թե ինչպես է Ստամբուլը 150 տարվա ընթացքում փոփոխվել հայ լուսանկարիչների աչքերում: Ցուցահանդեսը ներկայացնում է 3 տարբեր ժամանակաշրջաններ:
Ցուցահանդեսին ներկայացվող ամենահին լուսանկարները պատկանում են էթնիկ հայ Աբդուլա եղբայրներին, որոնք էական դեր են խաղացել թուրքական լուսանկարչության զարգացման հարցում: Ներկայացված կլինեն նաև հին սերնդի ներկայացուցիչներ Պասկալ Սեբահի, Միհրան Իրանյանի, Աշիլ Սամանչիի և Պողոս Թարքուլյանի լուսանկարները:
Օզենդեսի ցուցահանդեսին կներկայացվեն նաև 1950-ականներին մեծ ճանաչում ունեցող Ստամբուլում ծնված Արա Գյուլերի ստեղծագործությունները: Գյուլերի ազդեցիկ գործերից է 1952 թվականին լուսանկարված «Հայ ձկնորսը Կումպակիում» պատկերը, որը նրան միջազգային ստեղծագործական լուսանկարչության առաջավոր դեմքերից մեկն է դարձրել: Իսկ մերօրյա Ստամբուլը հնարավոր կլինի տեսնել Թուրքիայում ծնված լուսանկարիչներ Անի Չելիք Արևյանի, Կարպիս Օզատայի, Կարո Միլոշյանի, Մանուել Չիտակի, Սարգիս Բահարօղլուի, Սիլվա Բինղազի, Վազգեն Դեղիրմենթաշի և Յաշար Սարաչօղլուի աչքերով: