«Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է», – այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և այդ կապակցությամբ մեջբերել Հովհաննես Շիրազի խոսքերը.
«Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա …»:
Վարչեպտը նշել է, որ տողերով է ուզում «շնորհավորել մեր սիրելի կանանց, մեր աղջիկներին, մեր մայրերին այս տոնի կապակցությամբ»:
«Տոնական տրամադրությամբ էլ սկսենք մեր աշխատանքները», – այնուհետև հայտարարել է Տիգրան Սարգսյանը։
Իր խոսքում վարչապետը անդրադարձել է ՀՀ ոստիկանության խնդիրներին` նշելով, որ «ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի»։
«Մասնավորապես, Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք մոտակա շաբաթների ընթացքում ձեզ հետ միասին անդրադառնալու ենք մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետի փոխանցմամբ` կառավարությունն անդրադառնալու է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքներին: Նրա խոսքով` այս ոլորտում նույնպես դժգոհություններ կան քաղաքացիների կողմից` կապված կոռուպցիոն ռիսկերի հետ: