Վերջերս Հայ Ազգային Կոնգրեսն իր թռուցիկներում շատ է ձգտում փնովել. հարց է ծագում` ո՞ւմ դեմ է ՀԱԿ-ն այսօր պայքարում` Սերժ Սարգսյանի՞, Դաշնակցությա՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞, Տիգրան Կարպետյանի՞ դեմ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարց է բարձրացրել Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա անդրադարձել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի երեկվա ասուլիսին` նշելով, որ Շահնազարյանը բոլորին անվանում է պրոյեկտ.
«Հարց է ծագում` ո՞վ է ասողը: ԱԱԾ-ի նախկին ղեկավարը: Իրոք, Ազգային անվտանգության նախարարը, որի պադվալներում մարդիկ տառապել են: Իրենք իրավասու են որևէ մեկին վարկաբեկելու` իրենք վարկաբեկված լինելով: Մեկը Ազգային անվտանգության նախարար է, մեկը` ներքին գործերի նախարար է (հավանաբար, Սուրեն Աբրահամյանը), մեկը` ռազմական դատախազ է: Ջհանգիրյանը, որի ստամոքսում տեղավորվել է հոկտեմբերի 27-ը… այդ մարդիկ իրավունք ունե՞ն անբիծ մարդկանց փնովելու ու պրոյեկտ անվանելու: Այստեղ հարց է ծագում` ո՞ւմ դեմ է պայքարը` իշխանությա՞ն, թե՞ իրական ընդդիմության: Սա է մտահոգող»,- հայտարարել է Կարապետյանը:
Կարապետյանը նշել է, որ ՀԱԿ-ին աջակցողները խոսք ունեն` «Պապին ոնց կասի»` նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին: Ժողովրդական կուսակցության առաջնորդ այս կապակցությամբ հարց է հնչեցրել` «Իսկ այդ պապին ե՞րբ կասի»:
Կարապետյանի խոսքով` իրեն դուր չի գալիս, որ ժողովուրդը վստահում է Լևոն Տեր-Պետրոսյանին և «չի անում առանձին քայլեր»: Խոսելով Կոնգրեսի հետ համագործակցության հնարավորության մասին Կարապետյանն ասել է, որ «այնտեղ կան շատ ու շատ նորմալ մարդիկ, որոնց հետ ինքը կհամագործակցի, բայց ոչ ՀՀՇ-ի հետ»:
Կարապետյանը նաև խոսել է հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող երրորդ ուժի մասին, որի մասն է ինքն իրեն համարում.
«Այստեղ խնդիրը ինչո՞ւմն է: Մենք ձևավորում ենք երրորդ ուժը, մենք չենք ուզում, որ Լևոնի հետևից մարդիկ գնան ճարահատյալ կամ Սերժի հետևից: Կան այդպիսիները` ի սեր Աստծո: Բայց այն մեծ զանգվածը, որը չի ընդունում ոչ անցյալ թալանը, ոչ այսօրվանը, այդ մարդիկ` պետք է այլընտրանք ունենան: Հենց այդ այլընտրանքից են վախենում, որ յուրաքանչյուր երրորդ դաշտը անվանում են պրոյեկտ»: