«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյան` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երեք դիմումներին դատարանի կողմից նախապատվություն է տրվել, և դրանք քննվելու են առաջնահերթության կարգով: Այս որոշումը երեկ կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Հայաստանից ստացված դիմումները քննող երրորդ պալատի նախագահ Խոսեպ Կասադեվալը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը նշել է, որ Մարդու Իրավունքների կոնվենցիայի համաձայն` ՄԻԵԴ-ը դիմումները քննում է ըստ դրանց ստացման հերթականության, սակայն պալատի նախագահներին իրավունք է տրված բացառիկ դեպքերում առանձին դիմումներ քննել առաջնահերթության կարգով: Ըստ փաստաբանի, այս իրավունքից պալատների նախագահներն օգտվում են բացառիկ դեպքերում, և դա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը որոշել է տվյալ գործի քննությունն արագացնել:
Նիկոլ Փաշինյանի երեք դիմումները վերաբերում են, մասնավորապես, անձնական ազատության իրավունքի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերին: