Այսօր դատի ժամանակ «Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց հոդվածում կան սխալներ, իրենք ընդունում են դա` «ո՞վ չի սխալվում»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քոչարյանների ընտանիքի շահերի պաշտպան Սարգիս Գրիգորյանը, ով ներկայացնում է «Ջի փարթնըրս» իրավաբանական կազմակերպությունը:
Սարգիս Գրիգորյանն անլուրջ է համարել «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` իր մասին այսօր հնչեցրած հայտարարությունը, թե վերջինս փաստաբան չէ, և իրենք ունեն այդ մասին վկայող փաստաթուղթ.
«Դատարանում սխալն ընդունելուց հետո նման հայտարարություններ անելն ուղղակի անլուրջ է, և բարի կամքի դրսևորման տեղ չեն թողնում»:
Գրիգորյանը մեկնաբանել է նաև «Ժամանակ» օրաթերթից պահանջվող 3 միլիոն գումարի չափի խնդիրը, որը նախատեսված է դատական ծախսերի համար:
«Դա դատական ծախսերի համար չէ միայն նախատեսված, այլ դատական իրավունքները վերականգնելու համար նախատեսված գումար է, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ սրա մեջ արդեն մտնում են նաև դատական ծախսերը: Այն կազմակերպությունը, որը զբաղվում է Քոչարյանների հայցով, իրավաբանական կազմակերպություն է, որտեղ իրավաբանների խումբ է աշխատում, և ոչ թե մեկ անձ: Իսկ նրանք հաշվի չեն առնում. մինչ դատական պրոցեսը չէ՞ որ պատվեր ստացած իրավաբանական ընկերությունը շատ մանրամասն քննում է գործը, մի ամբողջ թիմ է աշխատում», – ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով` իրենց կազմակերպությունը պարբերաբար մոնիտորինգ է անցկացնում ԶԼՄ-ների շրջանում, քննում «հոդված առ հոդված, արտահայտություն առ արտահայտություն»: