Քողարկվելով իմաստուն խեղկատակի դիմակի տակ` Արմեն Ջիգարխանյանը ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում: «Երկրամաս» կայքի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ջիգարխանյանի հայտարարությունները:
«Միաժամանակ, ես անձամբ, ցավոք սրտի, որևէ կերպ չեմ կարող ազդել նրա վրա այս հարցում, քանի որ դա վաղուց էր, երբ մենք իրոք մտերիմ էինք: Կա այսպիսի հասկացություն` «ինչպես իմաստուն խեղկատակները»: Դե ինքն էլ, հագնելով իմաստուն խեղկատակի դիմակը, չի հասկանում, թե ինչ է ասում: Ես շատ վատ եմ վերաբերվում այս ամենին: Կարծում եմ, որ մարդ չպետք է կորցնի իր արմատները, դավաճանի իր հոր ու մոր արյունը: Դավաճանությունը բոլոր ժամանակներում էլ պատժվել է»,- նշել է դերասանը:
Ջիգարխանյանը բազմիցս խոսել է երկու ազգերի համերաշխության հաստատման մասին` նշելով, որ հակամարտությունը հրահրել են «անկիրթ մարդիկ, և նա, ով հիմա թեժացնում է հայերի և ադրբեջանցիները միջև առկա խնդիրները, շահադիտական նպատակներ ունի»:
Մեկնաբանելով Հայաստանում ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի փառատոնի անցկացման փորձերը` Սարգսյանը նշել է, որ թեև անձամբ իրեն չեն հրավիրել այդ փառատոններին, ընդհանուր առմամբ, նա ողջունում և ընդունում է նման նախաձեռնությունները:
«Իհարկե, լավ կլիներ, եթե նման նախաձեռնությունները փոխադարձ լինեին, և թուրքերն ու ադրբեջանցիները ևս մեր ֆիլմերի փառատոններ անցկացնեին իրենց երկրներում: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ նման քայլերով մեր եղբայր ադրբեջանցիների վերաբերմունքը չես մեղմացնի և նրանց ավելի մարդկային չես դարձնի: Ադրբեջանում այնպիսի հայաֆոբիա կա, որ այդ հանգամանքը սարսափ է առաջացնում ցանկացած ադեկվատ մարդու մոտ: Ես ցավում եմ, որ այդ ազգին առավոտից երեկո կրկնում են, որ պետք է ատել ամեն հայկական բան: Խնդիրը նրանում է, թե որքան երկար կարող են ադրբեջանցիները թույն պահել իրենց մեջ»,- եզրափակել է Սարգսյանը:
Լուսանկարը` fotobank.ru կայքից