Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ակցիա` ի պաշտպանություն աշխարհահռչակ արվեստագետ, ճարտարապետ, այլախոհ Այ Վեյվեյի, ով ապրիլի 3-ից գտնվում է ազատազրկման մեջ: Չինաստանի իշխանությունները նրան մեղադրում են տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեջ: Միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, մասնավորապես, Amnesty International-ը, հանդես են եկել հայտարարություններով, որոնցում նշում են, որ Այ Վեյվեյի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, քանի որ նա տարիներ շարունակ օգտագործում է իր արվեստը՝ բացահայտելու կառավարության կողմից այլախոհների շարունակական ճնշումներն ու խոշտանգումները:
Հայաստանյան բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում «խոսքի ազատության բոլոր պաշտպաններին և մտահոգվածներին այդ օրը զանգահարել Չինաստանի դեսպանատուն և պահանջել Այ Վեյվեյի անհապաղ ազատարձակումը», ինչպես նաև՝ ժամը 13:00 միանալ Չինաստանի դեսպանատան դիմաց կազմակերպվելիք բողոքի ակցիային:
Կազմակերպիչները նաև հորդորում են պաստառներ ու թռուցիկներ պատրաստել և բերել ակցիային: