«Հենց բանը հասավ նյութին, նոր նկատեցինք, որ վատ բան գոյություն ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Տաշիր 2011» մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներին մատուցած նվերների մասին, հայտարարել է երգիչ Դավիթ Ամալյանը:
«Մինչև էդ հոգևոր սնունդ են փչացնում, ոչ մեկ չէր արձագանքում, ոչ մեկ չէր ասում` էս տեքստով երգը ինչո՞ւ է եթեր գնում, ոչ մեկ չէր ասում` էս ցածրորակ մեղեդին ինչի՞ է եթեր գնում, դրան ոչ մեկ չէր անդրադառնում: Ես կուզեի ակունքը գտնեինք, այսինքն` ինչից է, որ այդպես է եղել, որ շոու բիզնեսը դարձել է բոլորիս տան խոսակցության նյութը: Եվ ի վերջո` դա մենակ երգարվեստում չի»,- ասել է Դավիթ Ամալյանը:
«Որ հեռուստակայանը միացնում ես` բոլորը երգում են»,- շարունակել է ասուլիսին ներկա երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Տխմար աֆիշները, որ կան` «Մենք հայկական բանակ ենք», «Իմ զենքը իմ բեմն է», «Իմ դուդուկն է», չգիտեմ` ինչն է, «ես սիրում եմ քեզ», չգիտեմ` ով ում ա սիրում, չես հասկանում` սերը դա խմբակայի՞ն ա, ոչ խմբակայի՞ն ա: Դրա փոխարեն, ասենք, Լեոնիդ Ազգալցյանի նկարը տեսնեինք, Մոնթեի նկարը տեսնեինք, Դուշման Վարդանի նկարը տեսնեինք, որ երեխաները ներշնչվեին այդ մարդկանցով», – ասել է Հախվերդյանը:
«Եթե այսօր լիներ Մոնթեն, լիներ Լեոնիդը, մեր երկրում այս խայտառակ իրավիճակը չէր լինի, նրանք կպայքարեին, այդ ձևով հիմա պայքարում է Ժիրայր Սեֆիլյանը»,- ասել է երգիչն ու հավելել. «Դե, եթե մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանը լինի, մեր շոու բիզնեսն էլ այսպես կծաղկի»: