ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Սուրբ Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Չարաշահումներ թույլ չտալու նպատակով հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է սահմանել ամենօրյա հսկողություն՝ տնտեսվարողների գործունեության նկատմամբ:
Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ: