Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կան թերություններ, որոնց շտկումը կբերի Հայաստանում չափահաս և անչափահաս անձանց նկատմամբ սեռական բռնության կանխարգելմանը:
Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել են կազմակերպության ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրել է «Թրաֆիկինգի դեմ պայքարի և ռեսուրս կենտրոնի» իրավաբան Դավիթ Թումասյանը, նախևառաջ, իրենց կողմից ներկայացված նախագծում հանվել է տուգանքը, որը նախատեսվում է ՔՕ-ի 140 (Սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելը), 141 (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեցը չլրացած անձի հետ), 142-րդ (Անառակաբարո գործողություններ) հոդվածներում, «որովհետև նպատակահարմար չէ տուգանքը որպես պատժատեսակ նախատեսել սեռական հանցագործությունների պարագայում»:
«Քանի որ այդ հանցագործությունները վերաբերում էին երեխաների դեմ ոտնձգություն կատարելուն, մենք խստացրեցինք օրենսդրությունը և նախատեսեցինք միայն ազատազրկումը որպես պատժատեսակ», – ասել է Թումասյանը: Ինչ վերաբերում է ազատազրկման ժամկետների, ապա օրինագծի հեղինակները նախատեսում են պատիժ, որպեսզի հանցագործությունը դիտվի որպես ծանր կամ առանձնապես ծանր:
«Փոփոխություններ իրականացվեցին նաև բովանդակային առումով: Բավական շատ ծանրացնող հանգամանքներ նախատեսված չէին գործող օրենսդրության մեջ», – հավելել է իրավաբանը: Ելնելով միջազգային օրենսդրությունից` ավելացվել են ծանրացնող հանգամանքներ, որոնք են` ծնողի, ծնողի պարտականություններն իրականացնող անձանց կողմից կամ դաստիարակչական գործունեություն իրականացնող անձանց կողմից նմանատիպ գործողություններ կատարելը:
Եթե սեռական ոտնձգությունը կատարվել է որևէ պաշտոն ունեցող անձի կողմից, վերջինս պետք է զրկվի այդ պաշտոնից:
Առաջարկվող հաջորդ փոփոխությունն է` հղի կնոջ նկատմամբ բռնություն կիրառելը և երկու կամ ավելի մարդկանց նկատմամբ հանցագործություն կատարելը:
«Ցավոք սրտի, գործող քրեական օրենսգիրքը շատ դեպքերում հավասար պայմաններում է նախատեսում կատարված հանցագործությունը մեկ, երկու կամ հինգ երեխայի նկատմամբ: Եթե անձը ընդամենը մեկ դեպք է կատարել, տրամաբանական է, որ իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է լինի ավելի մեղմ», – ասել է փաստաբանը:
Դավիթ Թումասյանը խոսել է նաև այլ պետությունների փորձի մասին, որտեղ նախատեվում է քիմիական եղանակով ստերջացում` «երբ մանկամոլներին զրկում են սեռական ֆունկցիայից, ինչը իրականացվում է քիմիական նյութեր ներարկելով»:
Սակայն հայաստանյան նախագիծն այդքան «ռադիկալ» փոփոխություն դեռ չի նախատեսում: «Չնայած անգամ պատգամավորները, որոնք ներկայացնում են այս օրենքի նախագիծը ԱԺ-ում, ասում են, որ կարելի է նաև դա փորձել», – նշել է Թումասյանը:
Խոսելով այն մասին, որ վերընշված պատժամիջոցը ևս բռնություն է հանցագործություն կատարած անձի նկատմամբ` Դավիթ Թումասյանն ասել է.
«Մարդու իրավունքի տեսանկյունից դա դիտվում է մարդու իրավունքի ոտնահարում, բայց այն տեսանկյունից, որ ցանկացած պատժատեսակ հարկադրանքի միջոց է, որը սահմանափակում է դատապարտվածի իրավունքները, դա արդեն տրամաբանական է»:
Բացի դա, քիմիական եղանակով պատժելը նշանակում է մեկ տարով մարդու դիսֆունկցիայի իրականացում, այլ ոչ թե ֆիզիոլոգիական ունակությունից զրկում առհասարակ:
Նա նաև ասել է, որ մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ կատարված գործողությունները պետք է ավելի խիստ պատժվեն, «ինչքան փոքր, այդքան ավելի ուժեղ պաշտպանության տակ»: Այս համատեքստում նա նշել է. «Մեր ընտանեկան օրենսգիրքը թույլ է տալիս 17 տարեկանից աղջիկներին արդեն ամուսնանալ, և եթե դա համարվում է ամուսնական տարիք, մենք չէինք կարող անտեսել իրենց ազատ ընտրության հնարավորությունը` ընտանիք կազմելու և առանձին ապրելու հնարավորությունը»:
Օրինագծի հեղինակներն անդրադարձել են նաև որոշ հաստատություններում իրականացվող ոտնձգություններին, մասնավորապես, ուղղիչ հիմնարկներում, զորամասերում, բուժհաստատություններում:
Նախագիծն արդեն ներկայացվել է ԱԺ-ում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից:
«Հաջորդ քառօրյա նիստում այդ նախագիծը դրվելու է շրջանառության մեջ, ակնկալում ենք, որ Ազգային ժողովում մեծ հետաքրքություն կառաջանա և պատրաստ ենք մասնակցել քննարկութմներին», – հավելել է Թումասյանը: