ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին է ներկայացրել 2010 թվականի իր գործունեության մասին զեկույցը: «Առավոտ» օրաթերթը գրում է, որ առաջինը նրան հարց է ուղղել Ջոն Պրեսկոտը, ով հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանի վերաբերյալ իր զեկույցում անդրադառնալո՞ւ է մարտի 1-ի զոհերի խնդրին:
««Զեկույցը դեռ հրապարակված չէ,- պատասխանել է Համմարբերգը: -Եվ ակնհայտ է, որ անդրադառնալու ենք 10 մարդկանց սպանությունների հետաքննությանը»: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը նրան նյութեր է փոխանցել վերջին 2 ամիսներին ընդդիմության դեմ բոլոր հարձակումների` Սամսոն Խաչատրյանի գործի, մարտի 3-ին կառավարության շենքի առջև «Ժառանգության» պատգամավորների հետ կատարվածի ու նաև իր եղբոր նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ: Իսկ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել. «Վերջերս Ադրբեջանը սպառնացել է, որ կռմբակոծի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները: Սա ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության սպառնալիք: Չե՞ք պատրաստվում Դուք, որպես ՄԻ հանձնակատար` արձագանքել դրանց»: Թոմաս Համմարբերգը պատասխանել է, թե շատ է մտահոգված և՛ ԼՂ խնդրի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև լարվածությամբ, բայց այս հարցում չի ցանկանում մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»: