Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ԵԽԽՎ-ում կայացած իր ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ սուր քննադատության է արժանացրել Ֆրանսիային:
ԵԽԽՎ-ում Ֆրասիայի ներկայացուցիչ Մյուրիել Մարլան-Միլիտեյոն հարց է ուղղել Էրդողանին Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին:
Ի պատասխան` Էրդողանը ֆրանսիացի պատգամավորին հրավիրել է Թուրքիա: Նա նշել է, որ Թուրքիայում եթե ցանկանում են ասել` մեկն ինչ-որ բանից տեղյակ չէ, ասում են` ֆրանսիացի է:
«Դուք շատ ֆրանսիացի եք», – ասել է Էրդողանը` դիմելով Ֆրանսիայի պատվիրակին:
Էրդողանը նաև նշել է, որ 2010 թվականի ընթացքում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, մասնավորապես, հույներն ու հայերը, հնարավորություն են ունեցել պատարագ մատուցել Սումելայի վանքում և Վանա լճի Աղթամար կղում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում:
Իր խոսքի ընթացքում նա նաև անդրադարձել է Ֆրանսիայի ժողովրդավարությանը:
«Դուք խոսում ենք անկախ արդարադատությունից, երբ դա համապատասխան է ձեր շահերին, բայց չեք խոսում դրանից, երբ գործը հասնում է Թուրքիային: Նրանք, ովքեր իրենց մտքից դեռ չեն հանել Խաչակրաց արշավանքները, չեն կարող խաղաղություն խոստանալ: Եվրոպայում աճող ռասիզմի մակարդակը մտահոգիչ է: Գնչուներին հանել են Ֆրանսիայից: Սա ժողովրդավարությո՞ւն է», – ասել է Թուրքիայի վարչապետը: