«Լոս-Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի առաջատար խաղացող Քոբի Բրայանտը տուգանվել է 100 հազար դոլարի չափով մրցավարին «գեյ» անվանելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Բրայանտը վիրավորել է մրցավար Բենի Ադամսին ապրիլի 13-ին «Սան Անտոնիո Սպըրսի» հետ խաղի ընթացքում:
«Խաղի երրորդ քառորդում Ադամսը Բրայանտին տեխնիկական խախտում է տվել: «Լեյքերսի» պաշտպանը նստել է փոխարինողների նստարանին, հարվածել է աթոռին, որից հետո վիրավորել է Ադամսին: Բրայանտը օգտագործել է «ֆագոտ» (հայերենում մոտավոր համարժեքը` «գյ..ուշ» ) բառը` միաժամանակ հայհոյելով նրան: Միջադեպի տեսանյութը տեղադրվել է YouTube կայքում:
Խաղից հետո Բրայանտը մրցավարի ներողամտությունն է հայցել և խնդրել է իր խոսքերը բառացիորեն չընկալել: Բասկետբոլիստը ընդգծել է, որ խաղի ընթացքում լարվածության պատճառով ափերից դուրս է եկել, սակայն չի ցանկացել վիրավորել ոչ գեյերին, ոչ լեզբուհիներին:
Նշենք, որ վերջին շրջանում Կոբի Բրայանտը հայտնվել էր ևս մեկ սկանդալի կենտրոնում: ԱՄՆ-ի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ նամակներ էին հղել բասկետբոլիստին` կոչ անելով հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության հետ կնքված պայմանագրից: Հայերը նշում էին, որ սիրված բասկետբոլիստը չպետք է գովազդի մի երկրի ընկերություն, որը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: