Ռուսաստանի «Աերոֆլոտ» ընկերության ղեկավարությունը պատրաստվում է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել կառավարություն: «Աերոֆլոտը» մեղադրում է ընկերությանը Superjet-100 ինքնաթիռների մատակարարման ուշացման մեջ:
«Մենք պետք է որոշենք` ինչպես է «Աերոֆլոտը» պատրաստվում ընդունել այդ ինքնաթիռները` ելնելով այն հանգամանքից, որ պայմանագրի ժամկետներն ավարտվել են, տեխնիկական հարցերում «Աերոֆլոտը» նույնպես խնդիրներ ունի»,- ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի խոսքերն է փոխանցում «РИА Новости»-ն:
Առաջին Sukhoi Superjet 100 ինքնաթիռը օդ է բարձրացել 2010 թվականի նոյեմբերին: Այն նախատեսված էր Հայաստանի «Արմավիա» ավիաընկերության համար:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ընկերությունը «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ՍՊԸ-ի հետ կապված որևէ խնդիր չունի:
«Այս «Superjet-100-ը» կստանանք ժամանակին: Շնորհանդեսը կկայանա ապրիլի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և նախատեսվում էր»,-ասել է Ավետիսովա:
Նշենք, որ ինքնաթիռը կարող է փոխադրել 98 ուղևոր: 2011 թվականին նախատեսվում է 14 SSJ-100 ինքնաթիռ արտադրել, իսկ 2012-ին` 25, հետագայում նախատեսվում է 60-70 ինքնաթիռներ կառուցել ամեն տարի: