Այսօր «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում քննվել է «Էյ ընդ էմ ռեյ էյր» ՍՊԸ հայցն ընդդեմ քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայցի բնույթը ներկայացրել է Միքաելյանի փաստաբան Վահե Հովսեփյանը:
«Իրենց հայցը Սասուն Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող 1.3 հեկտար մակերեսով, ինչպես նաև 0.2 հեկտար մակերեսով հողամասերը հայցվորին օտարել պարտավորեցնելու պահանջի մասին է: Հիմքում դրել են այն հանգամանքը, որ եղել է կառավարության որոշում, ըստ որի որոշակի հողամասերի նկատմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ և դրա հիմքով պետք է օտարվեն ձեռքբերող ընկերությանը:
Մեր փաստարկները կայանում են նրանում, որ կառավարության որոշման մեջ նշված էր, որ գերակա հանրային շահը ճանաչվել է գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ: Մինչդեռ Սասուն Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը էներգետիկայի նշանակության են: Ըստ հողային օրենսգրքի` գյուղատնտեսական նշանակության հողամասերը և էներգետիկայի նշանակության հողամասերը բոլորովին տարբեր կատերգորիաների են դասվում, ու քանի որ կառավարության որոշման մեջ նշված չեն, բացի գյուղատնտեսական նշանակության հողերից, նաև էներգետիկայի նշանակության հողեր, հետևաբար Սասուն Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող օտարվել»,- ասել է Հովսեփյանը:
Հայցվոր կողմը պատասխանի վերաբերյալ առարկություն է ներկայացրել, և որպեսզի պաշտպանը ծանոթանա դրան, միջնորդել է դատարանին դրանց վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու կապակցությամբ գործի քննությունը հետաձգել: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը` որոշելով գործի քննությունը հետաձգել:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, օտարված հողերի տարածքում ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է, պատրաստվում է արաբական շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցել: Անցյալ տարվա վերջին ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի նստավայրերի մոտ որոշման դեմ մի քանի բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Նշենք նաև, որ դատական նիստը բաց էր, և լրագրողներն իրավունք ունեին այն լուսաբանել, սակայն նիստին թույլատրել են մասնակցել միայն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանին իսկ մյուս լրագրողներին արգելել են ներս մտնել:
Միջադեպի հետ կապված Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակ Արսեն Բաբայանից:
«Դիմեք դատարան, թող իրենք հիմնավորեն, քանի որ իրենք են թողող-չթողողը: Բոլոր հարցերի պատասխանները ստացեք դատարանից»,- ասել է Արսեն Բաբայանը:
Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, սակայն, որ այս խնդիրն իրենց հետ որևէ առնչություն չունի:
«Մեր գործառույթները տարածվում են միայն դատարանների շենքերում անցկացվող դատական նիստերի ժամանակ», – ասել է դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Իսախանյանը: