ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ապրիլի 11-15-ին կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների մասին:
«Երկու հիմնական չլուծված հարցեր կան: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված անձանց բանտերում պահելը և 10 զոհերի վերաբերյալ պատշաճ քննության և պատասխանատվության կանչելու բացակայությունը շարունակում են գերակայել քաղաքական օրակարգում և թունավորում են քաղաքական մթնոլորտը: Այս խնդիրներն են հիմնական խոչընդոտը` նորմալացնելու քաղաքական միջավայրը, և հնարավոր ռիսկեր են պարունակում` բացասական ազդեցություն թողնելու իմաստով առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վրա»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով` նիստին հատուկ անդրադարձ է եղել քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, և նշվել է, որ Փաշինյանի պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է տեղի ունենալ ամռանը, իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա նրա նկատմամբ պետք է ցուցաբերվի հումանիստական դրսևորում` կապված նրա առողջական վիճակի հետ: