Այսօր Ստամբուլի Մշակութային կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս` ի պաշտպանություն հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյի, որի ավարտից հետո միջադեպ է գրանցվել: 30-35 տարեկան անհայտ անձը կենտրոնի շենքի մուտքի մոտ հարձակվել է նկարիչ Բեդրի Բայքամի վրա և դանակահարել նրան, որից հետո փախուստի է դիմել:
Բեդրի Բայքամը` այլ արվեստագետների հետ միասին, պատրաստվում էր ապրիլի 23-ին երթ կազմակերպել դեպի Կարս՝ բողոքելու Էրդողանի որոշման դեմ:
«Էրդողանն այս քայլով քանդում է ոչ թե հուշարձանը, այլ ժողովրդավարական շարժումը», – այսօր ասուլիսի ընթացքում ասել է Բայքամը:
Չնայած որ Բայքամն այս ընթացքում պայքարում է հուշարձանի համար, Թուրքիայում նա հայտնի է որպես արմատական քեմալիստ ու ազգայնական և հաճախ է նման ակցիաներ նախաձեռնում: Փորձագետների կարծիքով` իրականում նրա պայքարն ուղղված է Էրդողանի ու Թուրքիայի կառավարության դեմ:
Հիշեցնենք, որ Կարսում ընթանում են հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն ապրիլի 23-ին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքում:
Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում մի խումբ ուսանողներ և դպրոցականներ քարեր էին նետել բանվորների վրա: Ոստիկանությունը միջամտել է և ցրել է դժգոհողներին: