Home / Հայաստան / «Տաշիր-2011»-ի հեղինակները Հայաստանում «սև փի-առ» են նկատել

«Տաշիր-2011»-ի հեղինակները Հայաստանում «սև փի-առ» են նկատել

«Տաշիր 2011» մրցանակաբաշխության հաջողության մասին վկայում է այն փաստը, որ դրա հեռուստահեռարձակումը շատ բարձր վարկանիշ է ունեցել, բնակչության մոտ 80%-ը դիտել է մրցանակաբաշխությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:

«Մեզ համար շատ զարմանալի էր այն ռեակցիան, այն քննադատությունները, որոնք հնչեցին մի քանի ժամ հետո: Ճիշտն ասած, մենք երկար մտածեցինք և հասկացանք, որ դա սև փի-առ է, և մենք արդեն հասկանում ենք, թե ով է արել այդ սև փի-առը», – հայտարարել է Սաղաթելյանը:

Լրագրողի խնդրանքին` հստակեցնել, թե ովքեր է «սև փի-առի» հեղինակը, Սաղաթելյանը նշել է` «մեր հակառակորդները»: Լրագրողի երկրորդ հարցին, թե «արդյոք խոսքը «Արմենիա» մրցանակաբաշխության («Արմենիա» մրցանակաբաշխությունը կազմակերպել էր Վալերի Սահարյանը, ով 2010 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի պրոդյուսերն էր – Epress.am) մասին է», Սաղաթելյանը ուղիղ չի պատասխանել` նշելով միայն, որ «դա նրանք են, ովքեր երկու շաբաթ անց կազմակերպեցին մեկ ուրիշ միջոցառում»:

Նշենք, որ «Տաշիր-2011»-ից հետո հասարակական գործիչներ, անհատներ և հ/կ-ներ քննադատության են արժանացրել մրցանակբաշխության շոու-ծրագիրը, հայկական մամուլի որոշ հրապարակումներ որակել էին այն որպես «Խնջույք` ժանտախտի ժամանակ»: «Շիրակ» հ/կ-ն և Facebook սոցիալական ցանցում բացված խմբի անդամները կոչ էին արել հայկական շոու-բիզնեսի աստղերից «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստացած բնակարանները նվիրաբերել անօթևան ընտանիքներին:

Անդրադառնալով այդ պահանջին` այսօրվա ասուլիսի մեկ այլ մասնակից «Տաշիր մեդիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը, հայտարարել է, որ մարդիկ, հավանաբար, մտածել են, որ մրցանակաբաշխությունը բարեգործական ակցիա էր:

«Սակայն դա բարեգործական ակցիա չէր, այլ շոու-ծրագիր, և մեզ մոտ հիանալի շոու ծրագիր ստացվեց», – ասել է Բաբասյանը:

«Մենք արել ենք այնպիսի շոու-ծրագիր, որը զարմացրեց ամբողջ Ռուսաստանը և, ասեմ ավելին, բացի Ռուսաստանից, սփյուռքի մեր հայերին, որոնք այդ շոուն դիտել են և Ամերիկայի Միացյալ Նահնագներում, և Եվրոպայում», – իր հերթին, փաստել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով` եթե Հայաստանից իրենք միայն քննադատություն են ստացել, ապա Սփյուռքից` շատ լավ և դրական կարծիքներ: