Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Այս մասին` ի պատասխան Regnum-ի հարցի, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես Թարթառի շրջանում: Այս ամենը վկայում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ», – նշել է Կարապետյանը: