Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել խորհրդարանական ընտրություններին մի շարք քուրդ թեկնածուների մասնակցության դեմ որոշումը: Այս մասին այսօր հաղորդում է Today’s Zaman-ը:
Համաձայն նախօրեին թուրքական ընտրական հանձնաժողվի կողմից ընդունված որոշման` նախկինում մերժում ստացած 7 քուրդ անկախ թեկնածուներից 6-ը մասնակցելու են ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության թույլտվություն է ստացել նաև հայտնի քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանան:
Մի շարք քաղաքական գործիչների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին արգելելու որոշումը կայացվել էր ապրիլի 18-ին: Որոշումը վերաբերում էր 12 անկախ թեկնածուներին, որոնցից 7-ը քրդական համայնքն էին ներկայացնում: Որոշումը հիմնավորվում էր նրանով, որ նրանք բոլորը նախկինում դատվածություն են ունեցել, ինչը մեխանիկորեն նրանց զրկում է ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Ի պատասխան այս որոշման` քրդերը երկրում մի շարք զանգվածային բողոքի ակցիաներ անցկացրեցին, որոնք շարունակվում էին մի քանի օր: Հաղորդվում էր մեծ քանակությամբ վիրավորների մասին: Չորեքշաբթի համերաշխական խոսքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով հորդորել է կողմերին փոխզիջումների գնալ: