Երեկ Facebook սոցիալական ցանցում «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում է կազմակերպել` պահանջելով անհապաղ դադարեցնել Երևանի կենտրոնում գտնվող Ս.Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցուն կից շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ:
«Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման», – ասված է «ՀԻՄԱ»-ի հաղորդագրության մեջ:
Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս.Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:
Ըստ հաղորդագրության հեղինակների` կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա:
«Դադարեցրե՛ք Կաթողիկեի այլանդակումը» միջոցառմանն այս պահին միացել է ավելի քան 240 օգտատեր:
Լուսանկարը` tsirani.blogspot.com-ի