Հայկական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փորձել են ընդգրկվել թե’ իշխող, թե ընդդիմադիրներ կուսակցությունների շարքերում, սակայն հիասթափություն են ապրել, գրում է Today’s Zaman-ը:
Մասնավորապես, Ստամբուլից առաջադրված հայազգի 3 թեկնածուներ`Արև Չեբեչին, Մելքոն Կարակյոզեն և Հերման Բալյանը չեն ընդգրկվել կուսակցությունների վերջնական ցուցակներում:
Չեբեչին, ով նախկինում աշխատում էր Բաքիրքոյի քաղաքապետարանում որպես ընդդիմադիր Ժողովրդական Հանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչ, ասել է, որ CHP-ին չի հաստատել իր թեկնածությունը:
«Ոչ մահմեդական փոքրամասնությունները երբեք էլ մոտ չեն եղել CHP-ի քաղաքականությանը , պարզապես ես ուզում էի տեսնել, արդյոք Քեմալ Քիլիչդարօղլուն (կուսակցությոան նախագահ) ի վիճակի է որևէ փոփոխություն մտցնել ստեղծված իրավիճակում»,- ասել է նա` ակնարկելով Քիլիջադարօղլուի ելույթը կուսակցության վերջին նիստի ժամանակ, որի ընթացքում նա նշել էր, որ պատրաստ է հայ և քուրդ թեկնածուներին ներկայացնել խորհրդարանական ընտրությունների:
«Նրանք քուրդ թեկնածուներ ունեն, բայց ոչ հայ»,-հավելել է Չեբեչին:
Մյուս կողմից, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը ոչ մի հայ թեկնածու չներկայացրեց առաջիկա ընտրությունների համար, չնայած հայ համայքնի որոշ ուժեր սպասում էին դրան:
Մելքոն Կարակյոզեն, ով հանդիսանում է Սուրբ Գևորգ եկեղեցի հիմնադրամի ղեկավարը, նշել է, որ «դժբախտաբար ոչ մի հայ թեկնածու չի ներկայացվել հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների համար»:
«4000 տարի շարունակ մենք այս երկրի մի մասն ենք եղել: Մենք կցանկանայինք այժմ էլ Թուրքիայի մեծ խճանկարի մի մասը դառնալ»,- ասել է Կարակյոզեն, ով նույնպես ցանկանում էր առաջադրվել որպես թեկնածու «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից: