Վրաստանի Փոթի նավանգստում ուրբաթ քաղաքացիական ավիացիայի ռադիոտեղորոշման կայան է բացվել, որը կարող է թռչող օբյեկտներ ճանաչել 400 կմ շառավղով տարածության վրա և ցանկացած եղանակային պայմանների դեպքում, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկային և կայուն զարգացման նախարարությունը:
«Փոթիի կայանը թույլ է տալիս վերահսկել Վրաստանի օդային տարածքում, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի մի մասում և Հայասատնի ողջ տարածքում իրականացվող ինքնաթիռային թռիչքները, ինչը շատ կարևոր է անվտանգության առումով»,- հայտնում է ИТАР-ТАСС` հղում կատարելով վրացական նախարարությանը:
Գերատեսչության ղեկավար Վերոնիկա Կոբալիան հայտարարել է լրագրողներին, որ «այդ կայանի բացումը չափազանց կարևոր է Վրաստանի ավիացիայի և տնտեսության համար»:
«Այս ռադիոտեղորոշման շնորհիվ մենք ծածկում ենք մոտ 400 կմ տարածք, իսկ դա նշանակում է, որ այդ տարածքում ցանկացած ինքնաթիռ անվտանգության մեջ կլինի, իսկ դա իր հերթին կհանգեցնի Վրաստանի օդային տարածքից օգտվող ինքնաթիռների քանակի ավելացմանը»,- ասել է նա:
Կայանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Վրաստանի կառավարության անդամները և տրանսպորտի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Տյերի Մարյանին: