«Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում»։ Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Երևանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը և նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության և անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլևս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը և Հայաստանի անկախության ամրապնդմանը», – նշում է ՀԱԿ-ը։
Նշենք, որ Ազատության հրապարակում 2008 թվականից ի վեր առաջին իրազեկված հանրահավաքը տեղի կունենա ժամը 18:00-ին։ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելն ընդդիմության երեք պահանջներից մեկն էր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ևս մեկ պահանջ` մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու պատրաստակամության մասին, իշխանությունները կատարել էին:
Ընդդիմության երրորդ պահանջը` կապված էր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: Այս պահին ազատազրկման մեջ են գտնվում 7 քաղբանտարկյալներ: