«Իմ ուզածը` համակարգային փոփոխությունների հնարավորությունը, երբ մի կողմից`Սերժն է, մյուս կողմից` Լևոնը, որոնք արդեն գնում են երկխոսության, ես արդեն չեմ տեսնում: Ես համաժողովրդական շարժմանը միացել էի արմատական փոփոխությունների ակնկալիքով: Հիմա դրա հեռանկարն արդեն չեմ տեսնում», – այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
«Իսկ այն ժամանակ, մինչև ՀԱԿ-իշխանություն փոխըմբռնումը, կա՞ր նման համակարգային փոփոխությունների ռեսուրս, ընդդիմությունն ունե՞ր այդ փոփոխությունների հնարավարությունն ու ռեսուրսը» հարցերին` Պետրոսյանը պատասխանել է.
«Եթե 2008-ի ալիքի վրա, երբ իրավիճակն ու մթնոլորտը միանգամայն այլ էին, ամեն ինչ արագ կատարվեր…Ես հետին թվով չեմ կարող ասել, որովհետև, միգուցե, ես եմ սխալ հույսեր ունեցել: Բայց այն ժամանակ ես այդ փոփոխություններին հավատում էի, եթե այդ վերելքի ու զարթոնքի ալիքի վրա երկրում փոփոխություններ լինեին, և ՀԱԿ-ում կլիներ գաղափարական բաժանում, և մեր երկրում քաղաքական նորմալ պրոցեսը կվերականգնվեր»:
Նա նաև նշել է, որ ապրիլի 28-ի ՀԱԿ-ի հանրահավաքը «ջրբաժանի օր» չի լինի, ինչպես հայտարարում է ընդդիմությունը:
«Կլինի հերթական ձգձգման օր: Ջրբաժանի օր հաստատ չի լինի, որովհետև պարզ է, որ ՀԱԿ-ի երեք պայմանները, համարյա բոլորը, կատարվում են, և դա հիմք է տալիս, որ Տեր-Պետրոսյանն ասի, որ ջրբաժանի կարիք չկա»,- ասել է Մարինե Պետրոսյանը: