Լավագույն պատմվածք անվանակարգում «Ինքնագիր» գրական մրցանակը շնորհվել է լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանին «Հայկի պատմությունը և…» պատմվածքի համար: Այս մասին հայտարարվել է «Ինքնագիր» գրական ակումբի մրցանակաբաշխությանը, որ տեղի է ունեցել ապրիլի 27-ին «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում:
«Ինքնագիր» գրական մրցանակը տրվում էր 2010-ի ամռանը և աշնանը ներկայացված 30 պատմվածքներից ժյուրիի կողմից ընտրված լավագույնին:
Մրցանակաբաշխության ժամանակ գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը նշել է, որ հաղթողի կոչման համար քննարկում էր ևս երեք պատմվածք: Սակայն, քանի որ մրցանակը մեկին պետք է տրվեր, մյուսները մրցանակային տեղեր չգրավեցին:
«Այսուհանդերձ ներկայացնեմ, որ գնահատականների արդյունքում առաջին տեղին հաջորդում են` երկրորդ տեղում Սոնա Ավետիսյանի «Կարևորության խնդիրը», երրորդում` Արմեն Օհանյանի «Անձնական էջ. ՊոչԱՏՈւՄ», չորրորդում` Տաիշա Աբելարի «Տաիշը Լեննագանի բազարում»», – ասել է Վահան Իշխանյանը:
Նշենք, որ ժյուրիի անդամներն են եղել Երևանի պետհամալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, «Ինքնագիր» գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը, ճարտարապետ Միսաք Խոստիկյանը:
Ինքնագիր գրական մրցանակը ստեղծվել է 2009թ.: Մրցանակաբաշխությունը թվով չորրորդն էր: Հաղթողը ստացել է 40 հազար դրամ:
Նշենք, որ «Ինքնագիր» գրական ակումբը հայտարարել է հաջորդ` 2011թ. գարուն-ամառ մրցանակբաշխության մասին: Մրցույթի վերաբերյալ մանրամասները և մասնակից պատմվածքները դրվում են «Ինքնագիր» գրական ակումբի բլոգում blog.inknagir.org: