Այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԱԺ պատգամավորների անհարգալից բացականերին:
«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ ևս դիմում են: Նշեմ, որ բազմիցս, թե’ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե’ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը:
Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի:
Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ», – գրել է ՀՀ ԱԺ նախագահը: