2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը քիչ առաջ վիրահատության է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժնում:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Առողջապանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, վիրահատությունը հաջող է անցել. 25-ամյա մարզիկի ողնաշարը Ֆիքսել են:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան երեկ վթարի էր ենթարկվել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, որտեղից նրան տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյան հիվանդանոց:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել էր Գյուլբենկյան հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հովհաննես Նահապետյանը, Ավդալյանին Երևան են տեղափոխել հետազոտության համար, «որպեսզի նա կարողանա ավելի արագ վերականգնվել և վերադառնալ իր մասնագիտական գործունեությանը»: