Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Լարի Քինգը կրկին կհայտնվի CNN-ի եթերում, այս անգամ որպես հատուկ` «Աներևեկայելին. Ալցհեյմերի հիվանդությունը» հաղորդման հեղինակ: Հաղորդումը եթեր կհեռարձակվի մայիսի 1-ի երեկոյան:
Associated Press-ի փոխանցմամբ` Լարի Քինգի հյուրը կլինի ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին` 52-ամյա Ռոն Ռեյգանը: Քինգն ու Ռեյգանը կուղևորվեն Լաս-Վեգասի կլինիկա, որը Ալցհեյմերի հիվանդության գծով մասնագիտացում ունի: Նրանցից մեկը նկարահանումների ընթացքում համաձայնել է հետազոտություն անցնել պարզելու համար` արդյոք հիվանդության համար նախադրյալներ կան թե ոչ, իսկ մյուսը հրաժարվել է: Հաղորդման ինտրիգը պահպանելու համար Լարի Քինգը հրաժարվել է հայտնել լրագրողներին, թե ով է հետազոտություն անցել:
Նշենք, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը կյանքի վերջին տարիներին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: 77-ամյա Լարի Քինգը հայտարարել է, որ առողջ է, սակայն, ինչպես ցանկացած տարեց մարդ, չի կարող չմտածել հիվանդության ռիսկերի մասին:
Լարի Քինգը պատմել է, որ նախատեսում է ևս երկու հաղորդում նկարահանել: Լրագրողը խոստովանել է, որ կարոտում է ամենօրյա եթերներրը, և կցանկանար այնպիսի իրադարձություններ լուսաբանել. ինչպիսին է Ճապոնիայի երկրաշարժը կամ Եգիպտոսի հեղափոխությունը, սակայն չի կարոտում «Քարդաշյանների ընտանիքին»: