Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի միջև երկխոսություն է տեղի ունեցել, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով.
– Վերջերս դուք դատի տվեցիք «Հայկական ժամանակին» և փոխհատուցում պահանջեցիք պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել լրագրողին, և ձեր մեղքը չեք ընդունել: Հնարավոր է, որ մտավախություն ունեք, որ ձեր մեղքն ընդունելը նախադեպ կդառնա, և Ձեզ հաճախ դատի կտան, քանի որ դուք սովորություն ունեք հաճախ հայհոյել:
– Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ գիտեք` սովորություն ունեմ:
– Ինձ չէ, բայց «Հայկական ժամանակ»-ի լրագրողին էլ այլ բան էիք ասել:
– Ի՞նչ էի ասել:
– Նա հարց էր ուղղել, իսկ դուք, կարծեմ ասել էիք` ուզում եք հղիանալ իմ տղայից:
– Բա դա հայհոյանք ա, լավ բան եմ առաջարկել, առողջ, գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան:
– Առաջին հարցին պատասխանեք:
– Դատ ա գնում, թող վճիռը ավարտվի, դրանից հետո կպատասխանեմ:
– Իսկ դատը հնարավոր է, որ նախադեպ եղավ, և այլևս հարգալից կվերաբերվեք լրագրողներին:
– Ես միշտ հարգալից եմ վերաբերվում լրագրողներին, երբ լրագրողը փորձել ա իմ նկատմամբ հարգալից լինել: Հեսա, բոլորդ նստած եք, ով փորձի իմ նկատմամբ որևէ ոտնձգություն անի, հաստատ էլի ավելի վատ կվարվեմ հետը:
Լրագրողը շարունակում էր հարցեր տալ Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս պարզապես առաջարկեց.
«Աղջիկ ջան, ես քեզ խորհուրդ կտամ, կոկա-կոլա խմի, նենց կթարմանաս»:
«Դուք երևի էդպես եք թարմանում»,- կրկին հարց ուղղեց լրագրողը:
«Այո, ես այդպես եմ թարմանում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: