2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչության, ինչպես նաև բազմաթիվ այլ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ մեղադրվող, «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենը սպանվել է ԱՄՆ զորքերի կողմից: Այս մասին հաղորդում են միջազգային գործակալությունները:
Այս լուրը սկսել է կայծակնային արագությամբ տարածվել երեկ երեկոյան, որից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում հաստատել է աշխարհի համար մեկ ահաբեկչի սպանության փաստը: Համաձայն Օբամայի, ամերիկացի զինվորականների փոքր խումբ բեն Լադենի ոչնչացման գործողությունն իրականացրել է Պակիստանում: Բեն Լադենը սպանվել է փոխհրաձգության արդյունքում, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից ոչ մեկը չի տուժել:
«Արդարությունը հաղթանակեց», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ուսամա բեն Լադենի սպանությունը ողջունել է նաև ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը, ով հայտարարել է, որ «ԱՄՆ շարունակում է պայքարն ահաբեկչության դեմ, ու որքան էլ երկար պահանջվեց ահաբեկիչների պարագլուխին ոչնչացնելու համար, միևնույնն է արդարությունը հաղթանակեց»:
Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի հատուկ գործողողության մասին, որի արդյունքում սպանվել է բեն Լադենը քիչ բան է հաղորդվում:
Նշենք, որ բեն Լադենի ոչնչացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 10-րդ տարելիցից մի քանի ամիս առաջ: