Չինաստանում փնտրում են անհայտ տղամարդու, ով կարողացել է կենդանի մնալ կայծակի երկու հարվածից հետո: Այս միջադեպի տեսանյութը նկարահանել են փողոցային տեսահսկման սարքերը, որից հետո կադրերը Չինաստանի Կենտրոնական հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել:
Տեսանյութում կայծակը երկու անգամ հարվածում է տղամարդուն, սակայն նա կարողանում է կենդանի մնալ, և դեռ ավելին, անձամբ է հեռանում դեպքի վայրից: Առաջին հարվածից մոտ մեկ րոպե անց տղամարդուն հաջողվում է բարձրանալ և շարունակել ճանապարհը, սակայն, մի քանի մետր անց նա կրկին ընկնում է`երկորդ հարվածը ստանալով:
Կայծակի ուժգնություն այնքան մեծ է եղել, որ անգամ ասֆալտի վրա այրման հետքերն են մնացել, հայտնում է Life News-ը:
Տարբեր ֆորումներում համացանցի օգտատերերը կասկածում են տեսանյութի իսկությանը: Սակայն կան նաև այնպիսինները, ովքեր հավատում են, որ տեսանյութը իրական է: «Նման որակի տեսագրությունն անհնար է կեղծել»,-գրում է օգտատերերից մեկը:
Իրենց հերթին մասնագետները փաստում են, որ կայծակի հարված տարած մարդկանց ընդամենը 10 տոկոսն է մահանում: Մարդը սովորաբար մահանում է այն դեպքում, եթե հոսանքն անցնում է կյանքի համար կարևորագույն օրգանների միջով`սրտի կանգ կամ շնչարգելություն առաջացնելով: