Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշում, որ եթե գեթ մեկ քաղբանտարկյալ մնա հայաստանյան բանտերում մինչև մայիսի 31-ը, ապա Լոս Անջելեսի հայությունը ևս, ի աջակցություն Լևոն Զուրաբյանի նախաձեռնության, նստացույց կկազմակերպի Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության մասնաշենքի դիմաց:
«Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին որպես համաժողովրդական պայքարի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ տարվող կարևորագույն քայլի», – ասված է Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատ չարձակվելու դեպքում ինքը պատրաստ է մայիսի 31-ին նստացույց սկսել: Facebook սոցիալական ցանցում խումբ էր ստեղծվել «Ես միանում եմ Լևոն Զուրաբյանի նստացույցին», որին արդեն անդամագրվել է մի քանի հարյուր մարդ: