Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ են հավաքվել բացօթյա առևտուր իրականացնողները. նրանք պահանջում են հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ:
Մինչ առևտրականները փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունում է Լիտվայի նախագահին, որի պատճառով էլ մի քանի րոպեով փակվեց Բաղրամյան պողոտան, իսկ ցուցարաներին արգելում են մոտենալ նույնիսկ նախագահական նստավայրի դիմացի մայթին:
Հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Սերժ Սարգսյան, կասեցրեք արտագաղթը», «ՍՕՍ», «Հայաստանը հայաթափվում է», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատևելուց», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «Սերժ Սարգսյան, պաշտպանեք մեր աշխատելու իրավունքը», «Մի հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առևտրի հաշվին»:
Նշենք, որ ակցիայի ընթացքում կտրուկ ավելացավ ոստիկանների թիվը, տարածք ժամանեցին նաև կարմիր բերետավորներ:
Ցուցարարներին է միացել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով խոսել է Արաբկիրի ոստիկանության բաժնի փոխգնդապետ Ավագիմյանի հետ: Վերջինս բացատրել է, որ մարդկանց նախագահական չեն թողնում` «երկրի անվտանգությունից ելնելով»:
Բողոքողները փորձել են օգտագործել «Ժառանգությանը» պատկանող բարձրախոսը, սակայն ոստիկանները արգելել են աղմուկ բարձրացնել` նշելով, որ այդ վայրում հանրահավաք կամ ցույց անցկացնելն արգելված է: