Հայաստանում սկսված փոփոխությունները, որոնք ոմանք անվանում են տրանսֆորմացիաներ, հերթական իմիտացիան են, որն արվում է Հայաստանի հանդեպ վերջերս առաջացած մեծ ուշադրության լույսի ներքո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանն անդրադարձ է կատարել դատավարություններին, որոնք, ըստ նրա, ևս մեկ ապացույցն են նրա, որ ամեն ինչ իմիտացիա է և որ որևէ էական քայլեր չեն արվում. «Խոստումները սին են, փուչ են և ոչ ավելին: Որևէ խորհրդակցություն կամ բարեփոխումների խոստում իրական չէ»:
«Մենք տակավին չենք տեսնում, որ Հայաստանում կա քաղաքական կամք լուրջ բարեփոխումների համար: Թող ոչ ոք հույս չունենա, որ մենք կողջունենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու խնդրի լուծումը, քանի որ, ինչպես տեսանք, այն տրամադրվում է ուժերին, որոնք կոռեկտ հավաքներ են իրականացնում»,- ասել է Սաֆարյանը:
Այս իրավիճակից դուրս գալու միակ ուղին նա համարում է սահմանադրական հանրաքվեի նախաձեռնումը:
«Ներկայիս համակարգային արատի, այլևս անբուժելի համակարգից դուրս գալու ուղին սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումն է»,- հայտարարել է Սաֆարյանը:
Հարցին, թե որ իշխանության օրոք պետք է կայանան սահմանադրական փոփոխությունները, Սաֆարյանն ասել է, որ ցանկալի կլինի, որ ամեն ինչ արվի նոր իշխանության օրոք, բայց այդպես չի լինում.
«Չի լինում այնպես, որ մի օր արթնանանք ու տեսնենք նոր, լավ իշխանություն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լայն պարագծով կոնսենսուսի հասնել համակարգի փոփոխության համար», – եզրափակել է «Ժառանգության» ներկայացուցիչը: