Այսօր մի քանի հարյուր մարդիկ ակցիա են անցկացրել Ադրբեջանի Կրթության նախարարության դիմաց` բողոքելով դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:
Ակցիայի մասնակիցները «Ալլահ Ակբար» էին բացականչում և կրթության նախարար Միսիրա Մարդանովի հրաժարականն էին պահանջում:
Ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստով անձինք փորձում էին ռետինե մահակներով ցրել ակցիայի մասնակիցներին: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, ուժայինները բոլորին են ծեծել, այդ թվում` կանանց, լրագրողներին, որոնցից խլել են լուսանկարչական սարքերը` խոչընդոտելով մասնագիտական գործունեության իրականացմանը:
Թեև տասնյակ մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել և ձերբակալվել, ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը և հրաժարվել են ցրվել: Բախումը տեղափոխվել է հարևան փողոցներ: Երբ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահները դադարել են հետապնդել հավաքվածներին:
Այսօրվա ակցիան հավատացյալների առաջին զանգվածային բողոքի ցույցն է տարվա սկզբին Ադրբեջանի իսլամիստական կուսակցության առաջնորդի և ակտիվիստների խմբի ձերբակալությունից հետո:
Ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, Կրթության նախարարության դիմաց նման ակցիա էր անցակցվել է, որը, սակայն, այդքան դաժան բնույթ չէր կրում:
Հիջաբ կրելու արգելքը մտցվել է կես տարի առաջ, երբ կրթության նախարարությունը արգելել է աղջիկներին դպրոցում գլխաշորով հայտնվել: Դրանից հետո տասնյակ դպրոցական աղջիկներ մայրաքաղաքի մոտ 25 դպրոցներոյմ դադարել են դպրոց այցելել:
Լուսանկարները` «Թուրան» գործակալության