Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ¼ եզրափակիչի դասական շախմատի բոլոր 4 պարտիաները ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ոչ-ոքի ավարտեց: Այսօր վերջին չորրորդ պարտիայում Արոնյանը խաղում էր սևերով: Մրցավեճն ավարտվեց 17-րդ քայլին:
Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը, երբ շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Նախ շախմատիստները երկու 25 րոպեանոց (գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար) պարտիա կանցկացնեն: Եթե հաշիվը հավասար մնա, ապա մրցակիցները երկուական բլից պարտիա կանցկացնեն (10 րոպե+3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար): Եթե 5 անգամ երկուական պարտիաների շղթան ոչ-ոքի ավարտվի, ապա մրցակիցները կխաղան, այսպես կոչված, «Արմագեդոն», երբ սպիտակները 5 րոպե են ստանում, իսկ սևերը՝ 4, սակայն ոչ-ոքիի դեպքում հաղթող են ճանաչվում սևերը:
Նշենք, որ նույն կերպ հաղթողը կորոշվի Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով զույգում:
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր են արդեն նվաճել ամերիկացի Գատա Կամսկին, ով հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, և իսրայելցի Բորիս Գելֆանդը, ով պարտության է մատնել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: