Արդեն մի քանի օր է` լուրեր են շրջանառվում, որ մոտ օրերս քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ազատ է արձակվելու: Ըստ շրջանառվող լուրերի` նրան պետք է ազատ արձակեին դեռ երեկ:
Ըստ Հայ Ազգային Կոնգրեսի մոտ կանգնած մեր աղբյուրների` քաղբանտարկյալին կարող են ազատ արձակել յուրաքանչյուր վայրկյան:
Epress.am-ը փորձել է որևէ տեղեկատվություն ստանալ Դատապարտյալների հիվանդանոցից, որտեղ պահվում է Սասուն Միքայելյանը, սակայն հիվանդանոցի հերթապահը մեզ հայտնեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի.
«Այսօր աշխատանքային օր չէ, մենք էլ նման ինֆորմացիա չենք տալիս, խնդրում եմ` զանգեք աշխատանքային օր»:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքից և երթից հետո, երբ մի քանի տասնյակ մարդիկ չէին ցանկանում լքել Ազատության հրապարակը` պատրաստ լինելով նստացույց անել, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե մինչև մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ինքն էլ է պատրաստ նստացույց սկսել:
Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը, սակայն, կարծիք է հայտնել, որ նստացույցի կարիք չի լինելու, քանի որ բոլոր քաղբանտարկյալները մինչև նշված ժամկետն ազատության մեջ են լինելու: