Home / Հայաստան / Հեռուստաալիքների արտոնագրերի թվի կրճատումը սխալ է, համոզված են Եվրոպայում

Հեռուստաալիքների արտոնագրերի թվի կրճատումը սխալ է, համոզված են Եվրոպայում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի` մայիսի 9-ին հրապարակված զեկույցում, որը վերաբերում այս տարվա հունվարի 18-ից 21-ը հայաստանյան այցի ընթացքում արված իր դիտարկումներին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվում նաև ԶԼՄ-ների ազատությանը:

Հանձնակատարը ողջունում է 2010 թվականի մայիսի 18-ին Ազգային Ժողովի  կողմից Հայաստանի քրեական և քաղաքացիական օրենսգրքերում զրպարտության և անձնական բնույթի վիրավորանքի վերաբերյալ հոդվածներում բարեփոխումներ մտցնելու մասին օրինագծի վավերացումը: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության ակտիվիստները պատմել են հանձնակատարին, որ այս բարեփոխումները մասնակիորեն են ապաքրեականացնում հոդվածը, քանի որ, օրինակ, «սուտ մատնության» մասին հոդվածի հետ կապված օրենքը դեռևս հնարավորություն է ստեղծում լրագրողների վրա ճնշում գործադրելու համար: Որոշակի մտավախություններ կան նաև կապված Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում մտցված փոփոխությունների առնչությամբ, որը բարձր տուգանքներ է նախատեսում հերյուրանք և վիրավորանք հասցնելու դեպքերի համար, ինչը նույնպես կարող է օգտագործվել ԶԼՄ-ների դեմ: Հասարակական կազմակերպությունները վկայակոչել են նաև անձնական վիրավորանք հասցնելու և զրպարտելու համար հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ հարուցված դատական գործերի թվի աճը, ինչպես նաև փոխհատուցման և տուգանքի չափերը, որոնք կարող է վտանգել ԶԼՄ-ների գործունեության հետագա իրականացումը: Որպես օրինակ են բերվում վերջին շրջանում «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» օրաթերթերի նկատմամբ հարուցված դատական գործերը:

Հանձնակատարը ընդգծում է, որ անհրաժեշտ է ապաքրեականացնել հերյուրանքի ու զրպարտության վերաբերյալ օրենքը և խուսափել մեծ չափի տուգանքների հարկադրանքից: Միաժամանակ, լրագրողական հանրությունը պետք է մասնագիտական էթիկա և պրոֆեսիոնալ չափանիշներ կիրառի ինքնավերահսկման արդյունավետ համակարգեր զարգացնելու համար:

Հանձնակատարը խորապես մտահոգված է վերջին երկու տարիների ընթացքում լրագրողների վրա կիրառվող ճնշումների և հարձակումների հանգամանքով: Համաձայն քաղաքացիական հասարակության ակտիվիստների, 2010 թվականի երկրորդ կեսը այս առումով միանշանակ առաջընթաց է գրանցվել, քանի որ ոչ մի բռնության դեպք չի արձանագրվել:

Հանձնակատարը մասնավորապես անդրադառնում է «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, Armenia Today լրատվական կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու դեպքերին` նշելով, որ դրանց հետաքննությունը մինչ այժմ ոչ մի արդյունքի չի հանգեցրել:

Հանձնակատարը երկրի քաղաքական առաջնորդներին խորհուրդ է տալիս հրապարակայնորեն հայտարարել, որ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունն ու ահաբեկումներն անընդունելի են և նման քայլի դիմած ցանկացած անձ պատժի կենթարկվի: Այս հանգամանքի կարևորությունն առավել հատկանշական է դառնում ընտրությունների նախաշեմին: Լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերի արդյունավետ հետազոտությունն առանցքային կարևորություն ունի, այս հարցում ձախողվելը միմիայն կխթանի մարդու իրավունքների ոտնահարման անպատժելիությունը:

Զեկույցում Համմարբերգն անդրադառնում է նաև «Ա1+» հեռուստաընկերությանը` նշելով, որ 2010 թվականի վերջին հեռուստալիքին հերթական անգամ մերժել են հաճախականություն տրամադրել: Մրցույթի ընթացքում նաև կրճատվել է հեռուստաալիքներին տրվող արտոնագրերի թիվը: Ըստ Հանձնակատարի` դա հակասում է Մարդու Իրավունքների եվրոպական համաձայանգրի 10-րդ հոդվածին, որը ենթադրում է «հեռուստատեսության և ռադիոյի հասանելիությունը հանրությանը»: Տեսակետների և մեկնաբանությունների լայն սպեկտրն արտացոլում է երկրում քաղաքական հեռանկարների բազմազանությունը: Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերանայել այս որոշումը: Բացի դա, հանձնակատարը նշում է, որ հեռարձակման բոլոր ձևերի արտոնագրումը ու վերահսկումը մեկ կառույցի`ՀՌԱՀ-ի կողմից, հակասում է ԵԽԽՎ-ի սկզբունքներին, համաձայն որի, տպագիր և էլելտրոնային մամուլը չպետք է վերահսկվեն պետական կառույցի կողմից, բացառությամբ հարկային դաշտից:

Հանձնակատարը մտահոգություն է հայտնում ՀՌԱՀ-ի կողմի կիրառված գործընթացների առնչությամբ:

«Այն մեթոդները, որոնք կիրառվեցին հեռուստաալիքներին արտոնագրեր տրամադրելիս, մրցակցության արդարության առնչությամբ կասկածի տեղիք տվեցին: Բազմակարծության սկզբունքը պետք է նման ցանկացած գործընթացի հիմնական նպատակներից լինի», – ասված է զեկույցում:

Tekali Taxi