Home / Հայաստան / «Ժողովուրդը միամիտ չէ». Ռոբերտ Քոչարյան

«Ժողովուրդը միամիտ չէ». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը (http://www.mediamax.am/am-news-2-938.html) տված հարցազրույցում պատասխանել է «Քոչարյանի գործոնի» և «ընդդիմության և իշխանությունների միջև նշմարվող երկխոսության» մասին հարցերին:

– Այսօր հետևյալ իրավիճակի ականատեսն ենք. Դուք որեւէ քաղաքական ակտիվություն չեք ցուցաբերում, սակայն Ձեր անունն ամեն օր շրջանառվում է տարբեր վերլուծական հոդվածներում եւ կանխատեսումներում: Ավելին, հայկական մամուլի հրապարակումների եւ տարբեր քաղաքական գործիչների /մասնավորապես` ՀԱԿ-ից/ ելույթների ընդհանուր համատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում դիտվող քաղաքական գործընթացի առանձնահատկությունները այս կամ այն չափով պայմանավորված են այդ նույն “Քոչարյանի գործոնով”: Ինչո՞վ, ըստ Ձեզ, կարելի է բացատրել այս երեւույթը:

– Թերևս, այն բանով, որ իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է
մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ
քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման և այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը:

– Ինչպե՞ս եք գնահատում իշխանության և ընդդիմության մեջ նշմարվող երկխոսությունը: Ինչպիսի՞ն է ընթացիկ քաղաքական գործընթացի Ձեր գնահատականը:

– Գնահատականը պայմանավորված է երկխոսության առարկայով: Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը և տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կարիքն ամենից շատ ունի:

Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են “լինել կամ չլինել” կարգախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են:

Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից:

Ինչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ` ես չգիտեմ: Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը:

Լուսանկարը` lenta.ru