Նյու Յորքի բնակիչ Բակի Թուրքոն իր բլոգում հրապարակել է ահաբեկչության կասեցման վերաբերյալ ոստիկանությանը պատկանող փաստաթղթեր, որոնք գտել է Թայմզ-սքուերի աղբարկղներից մեկում, հայտնում է Associated Press-ը:
Հրապարակված փաստաթղթերը տրանպորտային միջոցների ստուգման մեխանիզմերի մասին կարգադրություններ և ցուցումներ են պարունակում, ինչպես նաև հուշումներ` ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել` հատուկ հոտեր, համարանիշերի բացակայություն և նմանատիպ այլ բաներ:
Բլոգերը պարզաբանել է, որ գտել է փաստաթղթերը դատարկ աղբարկղում, վերցրել է դրանք և արդեն տանն ուսումնասիրել: Նա որոշել է հրապարակել փաստաթղթերը, քանի որ համարել է, որ դրանք իրենց մեջ հասարակության համար սպառնալիք չեն պարունակում, սակայն դաս կլինի փաստաթղթերի հանդեպ անուշադիր կերպով վարվող ոստիկանների համար:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ցուցումների հրապարակումը տեղեկատվության արտահոսքի չի հանգեցրել, սակայն խոստովանել են, որ կցանկանային առավել լուրջ վերաբերմունքի հասնել գերատեսչության փաստաթղթերի նկատմամբ: