Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստին արդարացրեցին. Նա դատավորին նվիրեց Մարտի 1-ի մասին ֆիլմը

ՀԱԿ ակտիվիստին արդարացրեցին. Նա դատավորին նվիրեց Մարտի 1-ի մասին ֆիլմը

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանում հանցակազմի բացակայության հիմքերով արդարացվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով 2010 թվականի ապրիլի 20-ին ձերբակալվել էր և ենթարկվել նախնական` երկու ամսվա կալանքի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Արեգ Գևորգյանը:

«Իմ ձերբակալությունից հետո պատահաբար պարզվեց, որ ես հետախուզման մեջ եմ գտնվում բանակից խուսափելու պատճառով, բայց սա առնվազն ծիծաղելի է, քանի որ ես ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում, և ինձ գտնելը չեմ կարծում, որ շատ բարդ էր: Ինչևէ, ձերբակալությունիցս հետո սկսվեց դատաքննություն: Շուրջ մեկ տարի տևած փորձաքննության արդյուքնում ինձ դատապարտեցին  1 տարի, վեց ամիս պայմանական ազատազրկման, որից հետո դատախազ Սահակյանը բողոքարկեց առաջին ատյանի վճիռը` պահանջելով ոչ պայմանական ազատազրկում, այսինքն` երկու ամիս նստել էի, մի տարի 4 ամիս էլ նստեի: Գործը տեղափոխվեց վերաքննիչ դատարան, որի քննության արդյուքնում այսօր պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով չեմ կարող բանակ գնալ»,- պատմել է Գևորգյանը:

Նրա խոսքով` այս ամբողջ դատական գործընթացը մի նպատակ էր հետապնդում` խոչընդոտել իր հասարակական և քաղաքական գործունեությունը:

«Ուզում էին մշտական լարվածության մեջ պահեին, բայց, բնականաբար, նրանց չհաջողվեց»,- ասել է ՀԱԿ ակտիվիստը:

Ի դեպ, Գևորգյանը դատարանից դուրս գալիս դատական նիստի նախագահ Համբարձումյանին նվիրել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի` մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը:

«Ես ասացի, որ սա 2008 թվականի մարտի 1-ի մասին պատմող ֆիլմն ա, և որ ինքը անպայման նայի»,- եզրափակել է Արեգ Գևորգյանը: