Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն իր բլոգում ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի` խորհրդարանական ընտրություններին հնարավոր մասնակցության ձևի մասին իր տեսակետն է ներկայացրել:
«Իշխանություն-ՀԱԿ լարվածության լիցքաթափումը, քաղաքական երկխոսության հնարավորությունը հիմքեր են ստեղծել ենթադրելու, որ քաղաքական մրցակցություն Հայաստանում կարելի է սպասել խորհրդարանական առաջիկա ընտրությունների ժամանակ»,- գրում է Սուրենյանցը:
Նա գտնում է, որ շատ դժվար է ընտրական ցուցակ կազմել մի դաշինքում` ՀԱԿ-ում, որը միավորում է 18 կուսակցության, մի քանի սոցիալական շարժումներ, իրականում՝ բազմաշերտ ու բազմատարր:
«Բայց ՀԱԿ ղեկավարներն ուզեն, թե ոչ, զբաղվելու են այս գործով: Եթե ոչ այսօր, ապա վաղը», – նշում է վերլուծաբանը:
Սուրենյանցի կարծիքով՝ ՀԱԿ խորհրդարանական համամասնական ցուցակը առաջնորդելու է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Այլ լիդերի պարագայում՝ ՀԱԿ միասնականությունը լրջորեն կարող է վտանգվել. կլինեն նեղացողներ, պասիվ բոյկոտողներ: Իհարկե, Տեր-Պետրոսյանը պատգամավորի մանդատ, լավագույն դեպքում, կվերցնի, եթե ՀԱԿ հաղթանակի կամ իշխանության հետ համաձայնության պարագայում՝ զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը»:
Ըստ Սուրենյանցի` ՀԱԿ ցուցակի առաջին եռյակում կլինեն Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը:
«Խնդիրն այն չէ, որ ՀԱԿ-ը նոր լիդերներ չունի: Ուղղակի՝ ստատուս քվոյի ցանկցած խախտում բերելու է ներդաշինքային լարվածության: Բացի դա, Տեր-Պետրոսյանի համար կարևոր է ցույց տալ իր շարժման կապը նախորդ ընդդիմության հետ»,- հավելում է Սուրենյանցը: