Վերջին շրջանում Ֆրանսիայում անցկացված սոցիալական հարցումները վկայում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը կարող էր լուրջ մրցակից լինել Նիկոլա Սարկոզիի համար առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է BBC-ն:
Ֆրանսիացի լրագրողները և քաղաքական մեկնաբանները պնդում են, որ Ստրոս-Կանի ձերբակալությունը վերջակետ է դնում նրա քաղաքական կարիերայում` անկախ դատաքննության արդյունքներից:
Նյու Յորքի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների, բռնաբարության փորձի և ապօրինաբար մարդուն ազատությունից զրկելու վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Ոստիկանությունը մեղադրանքն առաջադրել է Մանհեթենի Sofitel հյուրանոցի 32-ամյա սպասավորներից մեկի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:
62-ամյա Ստրոս-Կանին բերման են ենթարկել Ջոն Քենեդիի օդանավակայանում` Փարիզ ուղևորվելուց մի քանի րոպե առաջ:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Պոլ Բրաունը լրագրողներին պատմել է մեղադրանքին առնչվող մանրամասները: «Նա փորձել է ազատվել Ստրոս-Կանից, սակայն վերջինս նրան քարշ է տվել լոգարան, որտեղ էլ, դատելով նրա ցուցմունքներից, սեռական բնույթի պարտադրական գործողություններ է իրականացրել»:
Բրաունի խոսքով` Ստրոս-Կանը դիվանագիտական անձեռնմխելիություն չունի և, ամենայն հավանականությամբ, դատի առջև կկանգնի արդեն երեքշաբթի: