Մայիսի 11-ին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում վերակառուցված մարզադաշտի բացման կապակցությամբ տեղի ունեցած ֆուտբոլային ընկերական հանդիպմանը մասնակցած համաշխարհային ֆուտբոլի վետերանները գոհ են մնացել միջոցառման կազմակերպիչների հյուրընկալությունից:
Առանց սեփական ֆուտբոլի ֆեդերացիայի գիտության Գրոզնի ժամանած Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալեն Բոգոսյանի խոսքով` հանդիպումը հումանիտար բնույթ էր կրում, իսկ ուղևորությունը անձնական էր և բացարձակ անվճար:
Միաժամանակ, «Ռոսբալտի» տվյալների համաձայն, ֆուտբոլիստը ադամանդե ժամացույց է նվեր ստացել, որի գինը տատանվում է 12-ից 70 հազար եվրոյի սահմաններում, ինչպես նաև 200 հազարից մինչ 1 միլիոն եվրո պարգևատրում:
«Ինձ դուր եկավ մարզադաշտի մթնոլորտը,- իր տպավորություններով է կիսվել «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Ֆրանկո Բարեզին: Վատ տոն չստացվեց: Միշտ հաճելի է խաղալ քո թիմի նախկին գործընկերների հետ: Կարծում եմ մենք այսօր վատ չխաղացինք: Հրաշալի միջավայր է, այնպես որ ես գոհ եմ»:
Պորտուգալացի Լուիշ Ֆիգուն խոստովանել է, որ անգամ չէր էլ մտածում վախենում է Գրոզնի այցելել թե ոչ: «Շատ հետաքրքիր հանդիպում էր, ուրախ էի կրկին ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Միայն ֆուտբոլի մասին էի մտածում և ուրիշ ոչ մի բանի: Ինձ թվում է` ֆուտբոլի հիանալի տոն ստացվեց»:
Հիշեցնենք, որ հրավիրված ֆուտբոլային աստղերի թիմի կազմում հանդես էին գալիս Դիեգո Մարադոնան, Դիդան, Ալեն Բոգոսյանը, Ֆրանկո Բարեզին, Ալեսանդրո Կոստակուրտան, Լուիշ Ֆիգուն, Մանուել Ամորոսը, Ռոբերտո Այալան, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Սթիվ Մաքմանամանը, Ժան Պյեր Պապեն, Քրիստիան Վիերին, Իվան Սամորանոն, Ֆաբյեն Բարտեզը: 30 րոպեանոց երկու խաղակեսերի արդյունքում աստղերը պարտվել են 2:5 հաշվով: