Մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը, որևէ դրական բան չի տեսնում նրանում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իր որդու մահվան առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում փնտրում է սպիտակ «Ժիգուլիի» վարորդին, ով Դավիթ Պետրոսյանին տեղափոխել էր թիվ 2 կլինիկական հիվանդանոց:
«ՀՔԾ-ն այնքան լավ է աշխատում, որ մեքենայի գույնից է սկսել: Այնքան լավ են աշխատում, որ չգիտեն, թե այդ օրը մեքենայի մեջ ովքեր են եղել, որ Դավիթին տեղափոխել են հիվանդանոց, որ միայն վարորդին են փնտրում: Իսկ մյուս երեք հոգուն, ովքեր հիվանդանոցում եղել են իմ տղայի կողքին, ինչո՞ւ չեն գտնում: Սերժ Սարգսյանը դրանով վիրավորում ա մայրերին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է տիկին Ջեմման:
Ավելի վաղ ՀՔԾ-ն խնդրել էր «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաև ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին, կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Սպիտակ «Ժիգուլի» են փնտրում: Նրանք ի՞նչ բարոյական իրավուքն ունեն նման հայտարարություն անելու»,- նշել է Դավիթ Պետրոսյանի մայրը:
Նա նաև ասել է, որ իր որդին իրեն կրակողին նկարել է, և այդ պատճառով էլ իր որդու հեռախոսը մինչև այսօր իրեն չեն տալիս: «Ես էլ գիտեմ` ով է կրակել, ինձ պետք չի Սերժ Սարգսյանի օժանդակ հայտարարությունը: Մեր Քննչական ծառայությունը հիմա աշխատում է այնպես, ինչպես 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո: Եվրոպան ինչքան էլ միջամտի, սրանք իրանց կաշին չեն փոխի:
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նույնպես չի կարծում, որ ՀՔԾ-ն, վերանայելով մարտի 1-ի գործը, կբացահայտի այն:
«Ես գտնում եմ, որ դա անում են` մեր գործերին Եվրոպական դատարանում խանգարելու համար: Երկրորդը` եվրոպացիների աչքին թոզ փչելու և մեր հանրությանը խաբելու համար: Միգուցե, ընտրություններն են մոտենում, և ստիպված են ինչ-որ բան անում: Բայց դա չի խանգարում, որ ես շարունակեմ իմ պայքարը», – Epress.am-ին ասել է Ալլա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` քանի դեռ գործով զբաղվում է նույն կազմը, դժվար թե որևէ բան բացահայտվի:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ևս որևէ հույս չի կապում ՀՔԾ-ի հայտարարությունների հետ:
«Եթե իսկապես ուզում են բացահայտել, թող սկսեն ոչ թե ցուցարարներին հարցաքննելուց, այլ ոստիկաններից, հրաման տվողներից ու գեներալներից, ովքեր հիմնական մասնակիցներն են եղել այդ ամենի: Շոու են սարքում: Ես չեմ հավատում, թե կբացահայտեն»,- ասել է Սարգիս Քլոյանը: